ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Երշիկ մի կերեք, գոմեշն առավոտյան չի լվացվել»

«Երշիկ մի կերեք, գոմեշն առավոտյան չի լվացվել»
25.08.2009 | 00:00

ՎԵՐՋԱՑՈՂ ԱՄՌԱՆ ԽՈՍՏՈՒՄՆԵՐԸ
Աստծո անցած յոթ օրում յոթ օրով էլ մարդկությունը մեծացավ` ի թիվս բազում այլ իրադարձությունների:
«Երշիկ մի՛ կերեք, գոմեշն առավոտյան չի լվացվել». այս մի եզրակացությունն ունենալու համար Հնդկաստան էր մեկնել պատվիրակություն Հայաստանից` մսամթերքի վերամշակման գործարաններ այցելելու: Վերադարձից հետո վարչապետի հրավիրած խորհրդակցության ժամանակ ՀՀ կառավարության աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Աշոտ Վահանյանն ուղղակի ահաբեկեց` մսամթերքի վերամշակման մի շարք ընկերություններում բացակայել են տարրական հիգիենայի կանոնները, միսը ձեռք են բերում ոչ վերահսկելի տարածքներում, տեղափոխում են պատահական ավտոմեքենաներով: Հնդկաստանից Հայաստան ներմուծվում է հիմնականում գոմեշի միս, որն օգտագործվում է երշիկի արտադրության մեջ: Իհարկե, խումբը եղել է նաև այն ընկերություններում, որոնք անհրաժեշտ բոլոր պայմաններն ունեն, բայց, բնականաբար, միսն էլ բարձր գին ունի: ՀՀ վարչապետն էլ նշել է, որ Հայաստան պետք է միս ներմուծվի 5-ից ոչ պակաս տարվա աշխատանքային փորձ ունեցող ձեռնարկություններից, որոնք ունեն որակական չափանիշների սերտիֆիկատ և միջազգային ստանդարտներով սեփական սպանդանոց: Հնդկաստանում այդ չափանիշներին համապատասխանում են 17 ընկերություններ, որոնք մսի շուկայի 85 տոկոսն են ապահովում, Հայաստան ներմուծված մսի 21 տոկոսն է միայն ձեռք բերվել այդ ընկերություններից: Տեղի է ունեցել «սովորական» խաբեություն` Հայաստան ներմուծող ընկերությունները միսը ձեռք են բերել սերտիֆիկատ չունեցող ձեռնարկություններից, իսկ մաքսային փաստաթղթերը կեղծել են: ՈՒրեմն` մինչև կհասկանան` ով ինչ է արել ու ինչու, երշիկ մի՛ կերեք, հնդիկ գոմեշը ոչ միայն առավոտյան, ընդհանրապես չի սիրում լվացվել:
Երևանի ավագանին սկսել է գործել շատ կարևոր ոլորտներում` Երևանում արդեն վաճառվում են «Ավագանի գրուպ» ընկերության արտադրած խաղաթղթերը, որոնց դարձերեսին ՀՀ զինանշանն է: Ակնհայտորեն աշնանային նստաշրջանում ԱԺ-ն լրացում կընդունի զինանշանի մասին օրենքում` գործածման դեպքերին ավելացնելով խաղաթղթերը:
2009-ի օգոստոսի 18-ից, անցնելով անհրաժեշտ մեկամյա գործընթացը, Վրաստանը դուրս եկավ ԱՊՀ-ից` շարունակելով մասնակցել ԱՊՀ շրջանակում կնքված այն միջազգային համաձայնագրերին, որոնք վերաբերում են համագործակցության անդամ չեղող երկրներին: 2008-ի օգոստոսի 18-ին ռուս-վրացական սրընթաց պատերազմից հետո Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր. «Անշուշտ մենք պետք է լքենք ԱՊՀ-ն: Որպես միջազգային կառույց` ԱՊՀ-ն լիովին ձախողվել է: Այն, ըստ էության, ստեղծվել էր նախկին ԽՍՀՄ տարածքում գործելու համար, սակայն ունակ չեղավ որևէ քայլ ձեռնարկել այս ողբերգությունը կանխելու համար: Մենք դուրս ենք գալիս այդ կազմակերպությունից, որտեղ Ռուսաստանը միանձնյա որոշումներ է կայացնում, և կոչ ենք անում մյուս երկրներին ևս հետևել Վրաստանի օրինակին»: Օրինակն ամբողջ մեկ տարի վարակիչ չէր ոչ մի պետության համար, թեպետ թեկնածու կա` ՈՒկրաինան:
Մարդու իրավունքների ևս մի պաշտպան հանգեաւ ի տեր` Սեուլում վախճանվել է Հարավային Կորեայի նախկին նախագահ Կիմ Դե Չժունը: Նա 85 տարեկան էր, երկրի նախագահ ընտրվել էր 1997 թվականին, իսկ 2000-ին արժանացել էր Նոբելյան մրցանակի` ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության համար:
Օգոստոսի 21-ին իր ծննդյան 58-րդ տարեդարձը տոնեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը` ստանալով շնորհավորական հեռագրեր ու ուղերձներ ամբողջ աշխարհի հավատացյալներից:
Օգոստոսի 21-ը շատ էր նշանակալից` նախորդ օրը երեկոյան ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն էր ՀՀ նախագահին զանգահարել` քննարկելու հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունները և տարածաշրջանային հիմնախնդիրները` մասնավորապես հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը վերաբերող հարցեր: Պատկերացնո՞ւմ եք այդ հեռախոսազրույցը` քանի ժամ պիտի տևեր ու քանի րոպե է տևել իրականում...
Նույն օգոստոսի 21-ին ՀԱԿ-ն է հայտարարություն տարածել` 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի մասին:
Հայտարարությունն արձանագրում է, որ ի սկզբանե, դատելով հանձնաժողովի կազմավորման սկզբունքներից ու կազմից, ակնհայտ էր, որ այն ընդամենն իմիտացիա է և ոչ ավելին: Հանձնաժողովի առաջին շրջանի կիսատ-պռատ գործունեությունը, մի քանի ձևական հարցաքննությունները ոչ միայն ապացուցեցին այդ իրողությունը, այլև պարզ դարձավ, որ այն կատարում է ձգձգելու, իրողություններն ու հանցագործությունները պարտակելու իշխանական հրահանգ: Արդեն տևական ժամանակ հանձնաժողովը պարապուրդի է մատնված: ՀԱԿ-ի պայքարի և միջազգային կառույցների պարտադրմամբ ստեղծվեց մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման փորձագետների փաստահավաք խումբը` ընդդիմության և իշխանության ներկայացուցիչների համամասնական ընդգրկ-մամբ:
Հայտարարությունը նշում է, որ չնայած իշխանությունների փորձերին` վիժեցնելու խմբի աշխատանքը, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովը ստացել է 3 զեկույց` աղաղակող բացահայտումներով, սակայն ապացուցված փաստերով հիմնավորված զեկույցները հրապարակային և մանրակրկիտ քննարկման առարկա չի դարձրել: Ավելին, հանձնաժողովի անդամները, խախտելով անաչառության սկզբունքը, մինչև վերջնական եզրակացության հրապարակումը հանդես են գալիս քաղաքական հայտարարություններով և որակումներով, որոնք սպասարկում են իշխանության պաշտոնական վարկածները: «Հանձնաժողովի նման կեցվածքը ևս մեկ ապացույց է այն իրողության, որ այն իրականում մարտի 1-ին կատարված հանցագործությունների պարտակման և կոծկման հանձնաժողով է, որի միակ նպատակն է գործող ավազակախմբի սպասարկումը և մարդու իրավունքների ու ժողովրդավարության նորմերի հարյուրավոր ոտնահարումներն արդարացնելու պատվերի իրականացումը»,- եզրակացվում է հայտարարության մեջ և հավելվում, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ընդգրկված բոլոր քաղաքական ուժերն իրենց ստորացուցիչ դերակատարությամբ, ըստ էության, վերջնականապես և ամբողջովին դառնում են ոճրագործության մեղսակից և հավասարապես պատասխանատու:
ՀԱԿ-ը կարծում է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի սեպտեմբերին հրապարակվելիք զեկույցը ֆիկցիա է, գրվելու է փաստական նյութի անտեսմամբ, և ոչ թե հանձնաժողովում, այլ գործադիր իշխանության կաբինետներում, ուստի ՀԱԿ-ը կոչ է անում փաստահավաք խմբին` շարունակել փաստահավաք գործունեությունը, քանի որ իր երեք զեկույցների հրապարակումից հետո խումբը հաստատվել է որպես իրողությունների և ճշմարտության բացահայտման միակ ատյան, վայելում է հայ հասարակության, միջազգային հանրության վստահությունը:
Հենց օգոստոսի 21-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամներին ու նրանց տեղեկացրել, որ իրենց աշխատանքը մշտապես եղել է իր ուշադրության կենտրոնում, որ հանձնաժողովի եզրակացությունը պետք է լինի սպառիչ և անկողմնակալ, տա այն հարցերի պատասխանը, որոնք Ազգային ժողովի որոշմամբ դրվել են հանձնաժողովի առջև: Հանձնաժողովի եզրակացությունը կարևորվել է նաև ԵԽԽՎ-ի համար. 1677 բանաձևում արձանագրված է, որ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի զեկույցից պարզ կդառնա` անկողմնակալության ու վստահելիության չափորոշիչները բավարարվա՞ծ են, թե՞ կա լրացուցիչ քննության անհրաժեշտություն:
ԱԺ նախագահը տեղյակ է դժվարություններին` միշտ չէ, որ պետական մարմինները, տարբեր պաշտոնյաներ ժամանակին և պատշաճ են արձագանքել հանձնաժողովի դիմումներին և հարցապնդումներին, պատրաստակամ են եղել հանձնաժողովի հարցերին պատասխանելու: «Հասկանում եմ նաև, որ խորհրդարանի կողմից ձեր առջև դրված հարցերից շատերի պատասխանն ուղղակիորեն առնչվում է նաև հատուկ քննչական ծառայության կատարած աշխատանքին, որովհետև խորհրդարանական հանձնաժողովը նախաքննական մարմին չէ և, ամենամեծ ցանկության դեպքում անգամ, չի կարող և իրավունք էլ չունի գերազանցելու իր լիազորությունները»,-ասել է ԱԺ նախագահը: Հանձնաժողովի աշխատանքը մշտապես իր ուշադրության կենտրոնում պահած Հովիկ Աբրահամյանը ցանկացել է լսել հանձնաժողովի անդամների տեսակետները ոստիկանության գործողությունների իրավաչափության և համաչափության, հատուկ միջոցների կիրառման, 10 զոհերի մահվան հանգամանքների ճշտման և փաստահավաք խմբի անդամների փոխանցած նյութերի վերաբերյալ:
Մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ այս ակտիվացման պատճառը սեպտեմբերի 15-ին ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետը լրանալն է և, բնականաբար, այդ էջը փակելու բուռն մղումը: ՈՒ չգիտես ինչու` բոլոր հրապարակումներում, ելույթներում կարևորվում է այն փաստը, որ հանձնաժողովը հաջողություն չունի զոհվածների մահվան հանգամանքները պարզելու խնդրում: Նախ` սխալը այդ խնդիրը հանձնաժողովին առաջադրելն էր, որին տրված չէին համապատասխան իրավասություններ ու, բնականաբար, որը չէր կարող ու իրավունք չուներ փոխարինելու նախաքննական մարմնին և պետք էլ չէր: Համենայն դեպս, ոչ ոք չի լիազորել նախաքննական մարմնին` իր իրավասությունները հանձնաժողովին փոխանցել կամ իր պարտականությունները չկատարել` սպասելով հանձնաժողովի եզրակացությանը: Մարտյան իրադարձությունների գլխավոր հարցը բոլորովին էլ զոհերի մահվան հանգամանքները չեն: Մարտյան իրադարձությունների գլխավոր ու արմատական հարցը մեկն է` ինչպե՞ս ու ինչո՞ւ այդ իրադարձությունները կատարվեցին, ի հետևանս որոնց արդեն ծագում է 10 զոհերի մահվան խնդիրը: «Ինչպե՞ս և ինչո՞ւ հնարավոր դարձան մարտյան իրադարձությունները» հարցերն է ինքն իրեն տալիս ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, ում համար կարևոր է` ինքն ի՞նչ երկրում է ապրում ու ի՞նչ կարող է հենց իր հետ կատարվել այսօր ու վաղը: Զոհվածների մահվան հանգամանքների վրա հասարակության ուշադրության բևեռացումը նշանակում է գլոբալ խնդրի լոկալացում ու ոչ միայն հանձնաժողովի գործունեության, այլև այդ իրադարձությունների բացահայտման փակուղիացում: Ո՞Ւմ է դա ձեռնտու: Ակնհայտորեն հենց նրանց, ովքեր մեղավոր են իրադարձությունների այդ ընթացքի համար, բայց հիմա իրենք են մեղավոր որոնում, որովհետև իրենք ի վերուստ անմեղ են ու անմեղ:
Շատ կարևոր բացահայտում է եղել Թուրքիայում. պարզվում է, որ մեր հարևան երկրի ոչ միայն նախագահ Աբդուլլահ Գյուլն է ֆուտբոլի մեծ մասնագետ, այլև նույնիսկ վարչապետ Ռեջեբ Թաիփ Էրդողանն է երիտասարդության օրերին ֆուտբոլ խաղացել և, չեք հավատա, դարձյալ հայերի հետ... Ահա ինչ մարզասեր երկրի հետ գործ ունենք: Սա` առաջին: Եվ երկրորդ` Թուրքիայի ազգային ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչներին հանդիպելով` վարչապետը ոչ միայն ֆուտբոլային երիտասարդությունն է հիշել, այլև այն, որ եթե իրենց իշխանությունը ներքին համակեցությունը կարողանա ամրապնդել, երկիրը պիտի մեծ ոստյուն ապահովի: Իշխանությունը հենց առաջին փուլից բոլոր խնդիրներին, երկրի բոլոր շրջանակներին ու հասարակության բոլոր խավերին համահավասար կարևորություն է տվել: Նաև երրորդ` վարչապետը երեք առանցքային դիտարկում է ներկայացրել.
1. Թուրքիան պայքարում է հանուն ժողովրդավարության և բոլոր խնդիրները ցանկանում է լուծել հասարակական կազմակերպությունների ու քաղաքական կուսակցությունների հետ միասնաբար:
2. Թուրքիայի հարավ-արևելյան շրջանների խնդիրները միայն հոգեբանական ու սոցիալական չեն, այլև ռազմական, քաղաքական, դիվանագիտական ու տնտեսական:
3. Թուրքիան դեմ է կրոնական նացիոնալիզմին, ինչ կրոնի ուզում ես հետևիր` երկրում բոլորը հավասար են դիտվում: Թուրքիան ժողովրդավարական, աշխարհիկ ու իրավական պետություն է: Ով ուզում է, կարող է հավատալ, ով չի ուզում, կարող է հարցեր տալ: Օրինակ` ժողովրդավարական, աշխարհիկ, իրավական ո՞ր նորմն է հարևանի հետ փակ սահման պահանջում, ո՞ր նորմն է հարևանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը պայմանավորում երրորդ երկրի հետ հարաբերություններով, ո՞ր նորմն է պահանջում պատմական անցյալի ընտրովի հիշողություն... Թվարկումը կարելի է շարունակել, բայց իմաստ չունի, որովհետև հռետորական հարցերի կարևորությունը ոչ թե պատասխանի ակնկալիքն է, այլ բուն առաջադրումը:
1990 թ. օգոստոսի 23-ին ընդունվեց Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը: Օրը արևոտ էր, ամառը լի էր փոփոխությունների խոստումներով: 19 տարի հետո` 2009-ի օգոստոսի 23-ը նվազ արևոտ էր, բայց ամառն էլի լի էր փոփոխությունների խոստումներով. ինչը կկատարվի, ինչը ոչ` կերևա ժամանակի մեջ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 2088

Մեկնաբանություններ